«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Դժնդակ թվաբանություն

Դժնդակ թվաբանություն
20.10.2023 | 12:59

Մարդուս կյանքի միջին տևողությունը յոթանասուն տարի է: Ուզի-չուզի՝ մի ութ-ինը ժամը պետք է քնի, որը կազմում է այդ հերն անիծած յոթանասուն տարվա մեկ-երրորդը: Քնի այս պարագան սոսկալի անաչառ է, այսինքն, կապ չունի, թե դու ով ես, վսյո, պիտի քնես: Յոթանասունից հանած մեկ-երրորդ, տակը մնում է քառասունհինգ տարի: Իր կյանքի մեկ-երրորդն էլ մարդը պետք է աշխատի, այսինքն, քառասունհինգից հանած ևս մեկ-երրորդ, տակը մնաց քսան տարի: Հինգ տարին հատկացնենք դմբո մանկությանը, հինգ տարին՝ կամ մայրամուտի պես սիրուն, կամ մայրամուտի պես տխուր ծերությանը՝ նայած, թե ինչ հանգամանքում և հատկապես ինչ երկրում ես գտնվում, տակը մնաց տասը տարի: Էս տասը տարվա մի տարին թող հիվանդ լինես, մի տարին՝ ավտոբուսներում և ճանապարհներում լինես, մի տարին՝ խանութի հերթերում, մի տարին՝ չինովնիկների փաստաթղթային քաշքշուկներում, մի տարին էլ սաղ օրը ուզած լինես սատկել՝ մնաց հինգ տարի՜... Բայց այս դժնդակ թվաբանության մեջ այդ միակ հինգ տարին, որ քո հաճելին ու վեհությունն է եղել, այնքան է ճնշված այն վաթսունհինգ տարուց, որ չես էլ հիշում, թե ինչ է այն եղել, որտեղ է այն եղել կամ եղե՞լ է արդյոք...

Երբ Երրորդ մաս նստած ցերեկով գարեջուր էինք խմում, երբ կյանքը թվում էր դեռ առջևում, ընկերներիցս մեկը հազար ինը հարյուր, կարծեմ, իննսունմեկ թվին հետևյալն ասաց. «Մեր կյանքը սա է. նստում ես խցկված մարշրուտկա, որ գործի հասնես, քեզ զգում ես կանսերվի շպրոտի պես, վերջը ահա հենց մոտդ մեկը իջնում է, ուզում ես տեղը շունչ առած նստել, մին էլ տեսնում ես, այտա, սա հենց այն կանգառն է, ուր նաև դու պիտի իջնես»...

Եվ ես, որքան հիշում եմ, ասացի. «Ես հաստատ համոզված եմ, որ կյանքը մի կապույտ այգաբացի պես դեռ նոր-նոր սկսվելու է այդ կանգառում իջնելուց հետո»...

Մինչև հիմա էլ ես այդ համոզմունքին կառչած մի կռատուկ եմ, մի փուշ, որին հնարավոր չէ պոկել Աստծու փեշերից...

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 9172

Մեկնաբանություններ